16
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը և գոհունակություն հայտնել Ղազախստանի հետ մեր երկրի համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակից: Նշելով, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, և որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում են անվտանգության նույն համակարգում, Հայաստանի Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախագահության ընթացքում կհաջողվի ընդլայնել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ գործակցությունը: “Վստահ եմ, որ տարածաշրջանային այս այցը Ձեզ հնարավորություն կտա առավել մոտիկից և հանգամանորեն ծանոթանալու առկա խնդիրներին և ներդրում ունենալու այդ խնդիրների լուծման հարցում”,-նշել է Նախագահ Սարգսյանը: Ղազախստանի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահությունը ստանձնելու գործում ցուցաբերած աջակցության համար և տեղեկացրել այդ ընթացքում Ղազախստանի առաջնահերթությունների, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով կազմակերպելու մտադրության մասին:

Նախագահ Սարգսյանը Ղազախստանի արտգործնախարարին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումների մասին` ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ, իսկ դրա լուծումը պետք է համաժամանակյա պատասխաններ տա հիմնախնդրի բուն պատճառներին ու հետևանքներին:

Կանատ Սաուդաբաևը ասել է, որ իրենք ըմբռնում են, որ կարճ ժամանակում դժվար է լուծել տարիներով ձգձգված հակամարտությունները, սակայն Ղազախստանն իր նախագահության ընթացքում կփորձի օգտակար լինել Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Կանատ Սաուդաբաևը նաև նշել է, որ հակամարտության լուծման ճանապարհին կարևոր քայլ կարող է լինել դիպուկահարների հետքաշումը շփման գծում, ինչի ուղղությամբ ԵԱՀԿ-ն կգործադրի իր ողջ կարողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ-ի այլ առաջնահերթություններից բխող հարցեր: Նախագահ Սարգսյանը մեր երկրի պատրաստակամությունն է հայտնել հետայսու ևս ակտիվորեն համագործակցելու ԵԱՀԿ-ի բոլոր ինստիտուտների հետ:

← Վերադառնալ