03
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: "Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով եւ այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ է",-ընդգծել է երկրի ղեկավարը` կարեւորելով նաեւ շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ եւ ասել. "Ինչպես բազմիցս նշվել է, սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի, եւ ընդհանրապես, Եվրոպայի դերի բարձրացման գործում":

Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, "Բարգավաճ Հայաստան" եւ "Օրինաց երկիր" կուսակցությունները դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Հանրապետության Նախագահը եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը։ Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության "Արեւելյան գործընկերության" ծրագրում: Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերությունը դիտում է "հնարավորությունների պատուհան" եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները:

← Վերադառնալ