12
03, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է նրանց տարածաշրջանային այցը եւ նշել, որ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին` նրանք շատ օգտակար աշխատանք են կատարում: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության այցելությունը նոր խթան կլինի մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր հերթին ասել է, որ կարեւորում են ԵԱՀԿ այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը, եւ ընդգծել, որ իրենք հարգանքով ու հիացմունքով են հետեւում Հայաստանի Նախագահի` տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին` Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ` նշելով, որ մարդկության դեմ գործված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը նման հանցագործությունների կանխարգելման լավագույն միջոցն են:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ հետ, բարձր գնահատել ԵԱՀԿ տարբեր ինստիտուտների աջակցությունն անկախությունից ի վեր մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: Նա ասել է, որ այն փխրուն խաղաղությունը, որ այսօր կա տարածաշրջանում` նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ է:

Հանրապետության ղեկավարը եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը մտքերի հանգամանալի փոխանակություն են ծավալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:

← Վերադառնալ