17
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին սրբություն Կիրիլին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին սրբություն Կիրիլին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ողջունելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. "Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին":

Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է համարել Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հյուրընկալության համար: Նա ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Կիրիլ Պատրիարքի խոսքով` "քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, գործարարները` հանապազօրյա խնդիրների, իսկ հոգեւորականները` սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաեւ բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում":

Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է Հայ Առաքելական Եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաեւ նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

ՀՀ Նախագահը, Համայն Ռուսիո Պատրիարքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ հոգեւոր ու բարոյական արժեքների ընդհանրություններն ավելի են սերտացնում հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններն ու ստեղծում համագործակցության լայն դաշտ:

← Վերադառնալ