18
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ նախագահ Թոմաս Միրովին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները` նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է լուծել զարգացման խնդիրներ: "Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձեւավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել փոխգործակցությունը",- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Թոմաս Միրովն ասել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության արդիականացմանը, եւ բանկը հիմնական շեշտը դնում է մասնավոր հատվածի, միջին ու փոքր գործարարության խթանման վրա: Նրա խոսքով` Եվրաբանկը Հայաստանում կատարել է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, իսկ անցած տարվա ընթացքում, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, ներդրումների ծավալները կտրուկ ավելացել են:

Թոմաս Միրովը Նախագահ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրաբանկի գործունեությանը ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Եվրաբանկի նախագահը բարձր է գնահատել ՀՀ Նախագահի` կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ գործադրած ջանքերը: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը այս դժվարին պայմաններում կարողացավ դիմագրավել եւ ցույց տալ իր ամրությունն ու դիմացկունությունը:

ՀՀ Նախագահն ու Եվրաբանկի նախագահը խոսել են նաեւ Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների, ընթացիկ եւ հեռանկարային համատեղ ծրագրերի մասին: Թոմաս Միրովն ասել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ենթակառուցվածքների որակի բարելավմանը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ նշվել են ֆինանսական հատվածը, բանկային համակարգը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը:

← Վերադառնալ