24
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենի, Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:

ՀՀ Նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի եւ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության "Վիլա Էմպեն" կենտրոն:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ի երեկոյան կվերադառնա Երեւան:

← Վերադառնալ