09
07, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ սենատորներ Օդետ Տերադը եւ Ֆիլիպ Դալիեն:

Ողջունելով հյուրերին` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ջերմ տպավորություններով է հիշում այս տարվա մարտին Ֆրանսիայի Սենատում կայացած իր հանդիպումը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծապես գնահատում է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը, որի շնորհիվ Ֆրանսիայում օբյեկտիվ տեղեկատվություն է տարածվում Հայաստանի մասին. “Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամների ձեր խումբը զգալիորեն նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը, ինչպես նաև եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը: Հուսով եմ, Հայաստանում հանգամանորեն կծանոթանաք մեր պատմությանը, մշակույթին, խնդիրներին ու մարտահրավերներին: Իսկ մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի ջերմությունը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների նկատմամբ մշտապես պահպանվի”, - ասել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի մեծ դերակատարության համար` ընդգծելով հատկապես խորհրդարանի դերը:

Սերժ Լագոշն ասել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է նոր թափով առաջ մղել` կասեցնելով միջազգային անտարբերությունը, որի պատճառով տեղի ունեցավ նաեւ 20-րդ դարի մեկ այլ` Ռուանդայի ցեղասպանությունը:

Զրուցակիցները կարեւորել են եվրոպական կառույցներում հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականների միջեւ փոխշփումների ակտիվացումը եւ համագործակցության խորացումը: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մշտապես զգացել է Ֆրանսիայի պատգամավորների գործուն օժանդակությունը թե' երկկողմ հարաբերություններում, թե' միջազգային խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներն ու մտահոգությունները, պատասխանել` սենատոր Լագոշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ