21
07, 2010

Նախագահ Սարգսյանն այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված "Միասին" երիտասարդական շարժման ճամբար

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված "Միասին" երիտասարդական շարժման ճամբար, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ և ուսուցողական հանգիստն են անցկացնում "Միասին 2010" համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները:

Նախագահը հետաքրքրվել է երիտասարդների առօրյայով, ճամբարից ստացած տպավորություններով ու կրթական ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներով: Սերժ Սարգսյանը ողջունել է "Միասին"-ի ակտիվ գործունեությունը եւ խրախուսանքի խոսքեր ասել շարժման կազմակերպած միջոցառումների մասին: Կարեւորելով, որ երիտասարդներն իրենց հանգստի հետ միասին լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, Հանրապետության ղեկավարը ճամբարականներին տեղեկացրել է, որ հուլիսի 22-ին հանդիպելու է նաեւ "Լույս" հիմնադրամի կրթաթոշակառուների, այսինքն` այն երիտասարդների հետ, ովքեր այս տարի արտասահմանում ընդունվել են առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններ: "Ուզում եմ, որպեսզի մենք, իսկ ես ձեզանից մեկն եմ ինձ համարում, մեծ ջատագովը լինենք գիտելիքի, մեր օրինակով կարողանանք ուրիշներին ապացուցել, որ գիտելիք ունեցող մարդը մեր հասարակության մեջ պահանջված է: Մենք այսօր մեծ կարիք ունենք երիտասարդ մարդկանց, ովքեր գիտելիք ունեն եւ կարող են պետական կառավարման համակարգում աշխատել",-ասել է Սերժ Սարգսյանը` պատրաստակամություն հայտնելով աջակցել երիտասարդների բոլոր լավ նախաձեռնություններին:

"Միասին" շարժման երիտասարդները Հանրապետության ղեկավարի հետ զրուցել են նաեւ իրենց հետաքրքրող մի շարք թեմաների, այդ թվում` "Միասին"-ի հետագա անելիքների, զարգացման ծրագրերի, պետական երիտասարդական քաղաքականության մասին: Նրանք Հանրապետության ղեկավարին հարցեր են ուղղել մեր պետության արտաքին քաղաքականության վերջին զարգացումների եւ արդի մարտահրավերների մասին եւս: Երիտասարդներին, մասնավորապես, հետաքրքրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` ՌԴ Նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան վերջին հանդիպման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների Ալմաթիում արված հայտարարության ներքո, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը:


Նախագահի այցի օրը "Միասին 2010" շարժման ճամբարականներին միացել են նաեւ "Արի տուն " համահայկական ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդները, ովքեր Սերժ Սարգսյանին պատմել են Հայրենիքում իրենց հագեցած մշակութային առօրյայի, բազմաթիվ հանդիպումների, հայկական ընտանիքներում հյուրընկալության ու Հայաստանի տեսարժան վայրեր այցելությունների ընթացքում ստացած անմոռանալի տպավորությունների եւ Հայրենիքի հետ այսուհետ իրենց կապը պահպանելու ծրագրերի մասին: Հանրապետության ղեկավարը կարեւորել է "Արի տուն " ծրագիրը, որի շնորհիվ հատկապես սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ստանում գալ Հայրենիք, շփվել իրենց հասակակիցների հետ, ավելի մոտիկից ճանաչել Հայաստանն ու դաստիարակվել հայրենասիրության ոգով:

← Վերադառնալ