13
08, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի կապակցությամբ

“Սրտանց ողջունում եմ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորություններ է ընձեռում քննելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքը:

Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն օտարության մեջ` հայրենիքից հեռու: Այսօր հայության առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը` ուծացման միտումները նվազագույնի հասցնելն է: Ժամանակակից աշխարհի պայմաններում, երբ օտարումն ու առանձնացումն սկսում են գերիշխել քաղաքաբնակների կյանքում, վերադարձն արմատներին դառնում է այդ մարտահրավերին պատասխանելու հնարավոր միջոց: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է մշակել նոր ծրագրեր նաև նրանց համար, ովքեր մղում և ցանկություն ունեն վերագտնելու իրենց կորցրած հայկական արմատները, կապն իրենց նախնիների երկրի հետ:

Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Հայապահպանությունը սփյուռքում բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Այն սոսկ սփյուռքի խնդիրը չէ. սա մենք հստակ գիտակցում ենք: Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմաններն են:

Հարգելի՛ բարեկամներ,

Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` նոր ու վառ տպավորություններ հայրենիքից”:

← Վերադառնալ