20
08, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների հետ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հանդիպմանը

album picture

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր հագեցած եւ կարեւոր օր է: Հենց նոր ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամների հանդիպումը, որի ընթացքում ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի ունեցավ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում:

Այսօրվա գագաթնաժողովի առանցքային թեման Ղրղզստանի իրավիճակն էր: Ավելի ստույգ` իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացված միջոցառումների եւ եղբայրական Ղրղզստանին մեր ցուցաբերած օգնության հարցը:

Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած մեր նախորդ հանդիպման արդյունքում երկրների ղեկավարները Ղրղզստանի Հանրապետությունում իրավիճակի մասին հայտարարություն ընդունեցին, որով պատրաստակամություն հայտնեցին իրավիճակի շուտափույթ կայունացման նպատակով Ղրղզստանին հումանիտար եւ այլ օգնություն տրամադրել:

Այսօր մենք վերլուծեցինք այդ որոշման իրականացման ընթացքը, առաջին արդյունքները, կարծիքներ փոխանակեցինք այդ ուղղությամբ մեր հետագա քայլերի մասին: Մենք հաստատեցինք մայիսյան հանդիպման որոշմանը մեր հավատարմությունը եւ պայմանավորվեցինք շարունակել Ղրղզստանում իրավիճակի կայունացման միջոցառումների շուրջ խորհրդակցությունները: Ավելի ընդհանուր` մենք խոսեցինք ՀԱՊԿ-ում ճգնաժամային արձագանքման արդյունավետ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտության մասին: Հեշտ հարց չէ, բայց շատ արդիական է: Ինչպես գիտեք` այս թեման անդամ պետությունների ղեկավարները բարձրացրել էին դեռ մայիսին: Եւ այսօր ծանոթացանք այն առաջնային առաջարկություններին, որոնք նախկինում կայացած քննարկումների արդյունքում մշակել էր ՀԱՊԿ քարտուղարությունը:

Մտքերի փոխանակումն արդեն ավելի առարկայական եւ հանգամանալի էր: Այս կապակցությամբ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորված իրավիճակը, ես ներկայացրել եմ նաեւ մեր պատկերացումները` այս ուղղությամբ հետագա հավաքական քայլերի վերաբերյալ:

Մենք նախանշեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հետագա խորացման որոշակի քայլեր: Համոզված եմ, որ այդ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի: Այսօրվա հանդիպումը կարեւոր քայլ է մեր երկրների եւ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության համակարգի հետագա զարգացման գործընթացում:

Որպես կազմակերպիչ-պետության Նախագահ, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել երկրների ղեկավարներին` գագաթնաժողովին մասնակցելու եւ կառուցողական , հանգամանալի կարծիքներ փոխանակելու համար:



← Վերադառնալ