10
09, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար, հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովին, ով Երեւանում է սեպտեմբերի 9-10-ը հիշյալ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացման առիթով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումը բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական, մշակութային: Այդ գործում, ըստ Հանրապետության ղեկավարի, էական է միջկառավարական հանձնաժողովի դերը, որը զգալի աշխատանք է կատարում հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացման եւ նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային բավականին ընդգրկուն դաշտը լավ հնարավորություն է` զգալիորեն ընդլայնելու առեւտրատնտեսական կապերը: “Լիահույս եմ, որ հանձնաժողովի այս նիստը նոր հնարավորություններ կընձեռի երկու երկրների թե' պետական մարմիններին, եւ թե' գործարար շրջանակներին` գտնելու համագործակցության նոր եզրեր”, - ընդգծել է Նախագահը:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է հանձնաժողովի երեւանյան նիստի ընթացքում կարեւոր մի շարք հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումները, որոնք ներառել են տրանսպորտի, գյուղատնտեսության եւ հայ-բուլղարական փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային այլ ոլորտներ: Նա վստահեցրել է, որ այդ քննարկումների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն:

← Վերադառնալ