11
09, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ՌԴ Նախագահի` Հայաստան կատարած պետական այցի արդյունքների եւ տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր:

Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը խոսել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կառուցողական եւ բազմաշերտ համագործակցության ամրապնդման հետագա քայլերի մասին եւ ընդգծել, որ ՌԴ Նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն առանցքային նշանակություն կունենան` ավելի բարձր աստիճանի հասցնելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւն այդ առումով կարեւորել են երկու երկրների պետական կառավարման մարմինների աշխատանքի շարունակական ակտիվացումը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ Նախագահի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

← Վերադառնալ