12
10, 2010

Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀՕՄ-ի անդամներին

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի առթիվ աշխարհի 26 երկրից Հայաստան ժամանած կանանց բարեսիրական կազմակերպության` ՀՕՄ-ի անդամներին:

Ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով նրանց` Հայ օգնության միության հիմնադրման 100-ամյակի առթիվ, Հանրապետության ղեկավարը նշել է, որ հարյուր տարի առաջ կանանց հասարակական, բարեսիրական կազմակերպություն ստեղծելու գաղափարը պետք է որ շատ ռոմանտիկ և անիրագործելի թվար: Իսկ դրա հաջողության գաղտնիքը, Նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է փնտրել մի կողմից հայ կանանց կրթվածության, պատրաստվածության ու դաստիարակության, մյուս կողմից` նրանց բնատուր խելքի ու նվիրումի մեջ:

“Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու աշխարհագրական ամենատարբեր իրավիճակներում, կարելի է և պետք է սխրանք համարել:

Սոցիալական, առողջապահական, կրթական, որբախնամ և բազում այլ ոլորտներում ՀՕՄ-ուհիների նախաձեռնությունները, իրականացրած և իրականացվող ծրագրերը արժանի են գնահատանքի ու երախտագիտության:

Աշխարհում քիչ կազմակերպություններ կան, որ կարող են հպարտանալ մեկդարյա անընդմեջ ակտիվ ու արդյունավետ գործունեությամբ:

Այսօր առիթ է շեշտելու, որ մենք հպարտ ենք հայ կանանց առաքինություններով և տպավորված նրանց զոհաբերությունների չափով: Հայ կինն ունի քաղաքացիական պարտքի գիտակցություն, որը դրսևորվում է որպես հավաքական մտածողություն և հավաքական ուժ:

ՀՕՄ-ը ձևավորել է ազգային գաղափարների, բարեգործության ու բարեսիրության մի ներդաշնակ համադրություն, որ իր գործունեության առանցքն է կազմում: Բարեսիրությունը կենսակերպ է, մարդու տեսակ: Հենց այդ տեսակն է, որ անկախ կազմակերպական պատկանելությունից, ստեղծում ու զարգացնում է մարդասիրական ինստիտուտը: Այս առանձնահատկությունը թանկ է մեզ համար:

Համոզված եմ, որ նման կազմակերպությունները և, առաջին հերթին, հենց ՀՕՄ-ն արդեն կայացած արժեքներ են և զգալիորեն նպաստում են մեր պետության կայացմանն ու առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի հասարակության ներդաշնակ զարգացման գործին:

ՀՕՄ-ն այսօր մեր երկրում, որտեղ իսկապես հոգսերը շատ են, մարդասիրական ծրագրեր իրականացնող կարևորագույն կազմակերպություններից է: ՀՕՄ-ը Սփյուռքից Հայրենիք վերադարձավ ողբերգական առիթով` 1988 թվականի երկրաշարժից հետո, բայց այդ վերադարձն անխուսափելի էր անկախ հանգամանքներից:

Սիրելի՛ ՀՕՄ-ուհիներ, դուք միշտ այնտեղ եք, որտեղ ցավ կա, որտեղ կարիք կա, որտեղ օգնության ու աջակցության սպասում կա:

Իմ մաղթանքն է, որ այլևս ոչ մի տեղ դուք առիթը չունենաք ցավ դարմանելու, որ ձեր ծրագրերը կապված լինեն միայն ու միայն զարգացման ու առաջադիմության հարցերի հետ: Կրկին շնորհավորում եմ միության հոբելյանը և ցանկանում եմ մեծ հաջողություններ ձեր հայրենանվեր գործում”,-ասել է Նախագահ Սարգսյանը:

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Ալվարդ Պետրոսյանը բոլոր ՀՕՄ-ուհիների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` ջերմ խոսքերի եւ ընդունելության համար, ընդգծելով, որ կանանց բարեսիրական կազմակերպությունն այսուհետ էլ շարունակելու է գործել սեփական երկրում արժանապատիվ ապրելու եւ Հայրենիքին մեծագույն նվիրումով ծառայելու մղումով:

← Վերադառնալ