30
12, 2010

Նախագահ Սարգսյանը մասնակցել է սպորտի բնագավառում մեծ ներդրում ունեցած մարզիկների և մարզիչների պարգևատրման երեկոյին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է սպորտի բնագավառում մեծ ներդրում ունեցած մարզիկների և մարզիչների պարգևատրման երեկոյին:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հանրապետության այս տարվա լավագույն տասը մարզիկներ և մարզիչներ երկրի ղեկավարի հրամանագրերով և կարգադրությամբ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներով, մեդալներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Երեկոյի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և հանձնել պարգևները:

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը` Մովսես Խորենացու մեդալով:

Նախագահ Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանն արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման:

Հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, ձյուդոյի մարզիչ Արթուր Գևորգյանը, թաեքվոնդոյի մարզիչ Գևորգ Դանիելյանը, ծանրամարտի մարզիչ Էդուարդ Կիզողյանը, ծանրամարտի մարզիչ Արտակ Ներսիսյանը, սպորտային մարմնամարզության մարզիչ Սոս Սարգսյանն արժանացել են վաստակավոր մարզչի կոչման:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով:

← Վերադառնալ