05
03, 2011

Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:

Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի ժամանակ: Նախագահներն այնուհետև այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը:

Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն:



***



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.

1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2.Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

← Վերադառնալ