25
03, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ բազմակի և օլիմպիական խաղերի չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանի ասպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ. դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր:

Երկրի ղեկավարը ողջունել է մեր մեծանուն հայրենակցին Երևանում և նշել, որ տասնյակ տարիներ ամբողջ հայ ժողովուրդը հպարտացել և այսօր էլ շարունակում է հպարտանալ նրանով:

«Շատ ուրախ ենք, որ Դուք ողջ և առողջ եք, որ աշխատում եք ի նպաստ ֆուտբոլի զարգացման: Մենք միշտ հպարտանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներով և, առաջին հերթին, այն մարդկանցով, ովքեր իրենց բնագավառներում հասել են ամենաբարձր մակարդակների: Դուք մեր ազգն ավելի ճանաչելի եք դարձնում: Շնորհակալություն Ձեզ»,-լեգենդար ֆուտբոլիստի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը:

Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, Նիկիտա Պավելի Սիմոնյանը Հանրապետության ղեկավարի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Այսօրվա հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևը հանձնել է մեծանուն մարզիկին` մաղթելով նրան առողջություն և հաջողություններ:

«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ այս բարձր պարգևը: Գիտեք, ես հարյուր տոկոսանոց հայ եմ: Իմ ծնողները, Արդվինի հայեր լինելով, ժամանակին փախել են ցեղասպանությունից: Հայրս եղել է մեծ հայրենասեր: Ինձ համար մեծ պատիվ էր 1973թ. գլխավորել «Արարատ»-ի հավաքականը: Եվ այն, ինչ արեցին այդ տղաները, նվաճելով չեմպիոնի տիտղոսը և գավաթը, ինձ համար` որպես մարզչի, մեծ տոն էր: Հնարավոր չէ փոխանցել, թե այն ժամանակ ինչպես արձագանքեց ժողովուրդը: Իսկապես, դա հրաշալի թիմ էր: Դրա համար էլ ես այդ սերնդին և, իհարկե, մեր ամբողջ ժողովրդին պարզապես շնորհակալ եմ և խոնարհվում եմ»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը:

Նախագահը նշել է, որ ինքն էլ հիշում է այդ օրերին մեր ժողովրդի ցնծությունը: «Իմ հիշողության մեջ երեք այդպիսի ցնծության դեպք է դաջվել: Առաջինը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրորդը, երբ 1973թ. «Արարատ»-ը դարձավ չեմպիոն և նվաճեց գավաթը և երրորդը, երբ մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին: Ահա, այդ դեպքերից մեկի համահեղինակը Դուք եք: Այդ հաղթանակը, իրոք, մեծ երևույթ է և միայն սպորտային ձեռքբերում չէ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ