08
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած Ռուսատանի Դաշնության «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը` տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինի գլխավորությամբ:

Ողջունելով «Միասնության կովկասյան մեկնարկ. «Գագարինի` աշխարհը նվաճած տիեզերական թռիչքը, որպես միասնական երկրի ժողովրդի հերոսական աշխատանքի արդյունք» խորագրի ներքո անցկացվող միջոցառման մասնակիցներին` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարությանը և հպարտանում, որ ժամանակին լինելով մի մեծ և ընդհանուր երկրի կազմում, հայերը կարողացել են իրենց զգալի ներդրումն ունենալ տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստման, տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:

«Մենք իսկապես հպարտանում ենք մեր ընդհանուր պատմության հերոսական դրվագներով: Կարծում եմ, ով չի հիշում անցյալը` չի կարող ունենալ ապագա: Ես շատ ուրախ եմ, որ այդ միջոցառումների հասցեատերն առաջին հերթին երիտասարդությունն է, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են այդ ժամանակաշրջանը: Ուրախալի է, որ նրանք ոչ միայն հասցեատերն են, այլ իրենք էլ ակտիվորեն մասնակցում են միջոցառումների անցկացմանը: Սա լավ առիթ է երիտասարդներին բացատրելու, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր ունեն գիտելիք, խիզախ են, ունեն համառություն»,- ասել է Նախագահը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` ջերմ ընդունելության և Հայաստանում տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի միջոցառումների անցակացմանն աջակցելու համար: Նրանք ընդգծել են, որ թերթելով անցած 50 տարիների խորհրդային տիեզերագնացության պատմությունը, ծանոթանալով փաստագրական բացառիկ նյութերի, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան մեծ է եղել հայերի ներդրումը տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:

← Վերադառնալ