Մամուլի հաղորդագրություններ
Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական և ստեղծագործական ձեռքբերումները, մեծ հաշվով, մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են: Իր շնորհավորական խոսքում Նախագահը, մասնավորապես, նշել է.
«Ինձ համար ակնհայտ է, որ մրցանակներն ավելի շատ պետք են ոչ թե ստացողներին, այլ Հայաստանի հանրությանը: Արժանավոր գործերի ու մարդկանց մասին մեր հասարակության լայն շերտերը պետք է իմանան առաջին հերթին բարձր գնահատականների շնորհիվ: Մրցանակներով մենք, իբրև պետություն և հասարակություն, ի ցույց ենք դնում և վերահաստատում մեր չափանիշները, ակնկալիքները, արժեքային մեր համակարգը:
Մենք քաջ գիտակցում ենք, որ գիտնականը կամ արվեստագետը մրցանակ ստանում է կոնկրետ գործի համար, բայց որպեսզի նա այդ գործն անի, նրանից երբեմն պահանջվում է մի ամբողջ կյանք: Նա այդ թռիչքին մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստվում է երկար ու ձիգ տարիներ, ապրում` որոնումների, հիասթափության ու ոգևորության բազում պահեր:
Իհարկե, մենք այսօր ունենք երիտասարդ մրցանակակիրներ, որոնց համար նման շատ պահեր դեռ առջևում են: Սրտանց շնորհավորելով մեր երիտասարդներին` կցանկանայի նրանց հիշեցնել, որ երիտասարդական մրցանակները ողջ աշխարհում, որպես կանոն, հույսի մրցանակներ են և ինչ-որ տեղ կանխավճար են այն գործերի համար, որ ապագայում նրանք կարող են և պետք է ստեղծեն: Այսուհետև դուք, որպես մրցանակակիրներ, լինելու եք ավելի մեծ ուշադրության կենտրոնում, իսկ դա ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն: Պետք է նաև նշեմ, որ ուրախ եմ, որ Հանրապետության Նախագահի մրցանակի երկարամյա բարեկամ «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամն այսօր ներկայացված է այդ ընտանիքի երիտասարդ սերնդով և ուզում եմ ողջունել Ռոբերտո Պողոսյանին՝ որպես իր ավագ սերնդի գործն արժանապատվորեն շարունակողի:
Ժամանակի սղությունն ինձ հնարավորություն չի տալիս մեկ առ մեկ նշել ներկայացված և մրցանակի արժանացած բոլոր գործերի ու նրանց հեղինակների արժանիքները, բայց նաև չեմ կարող հատուկ չանդրադառնալ քաղաքական կարևորություն և հնչեղություն ունեցող գործերին: Խոսքս հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված և ժխտողականությանը հիմնավոր հակահարված տվող աշխատանքների` միջազգային մեծ ճանաչում ունեցող ցեղասպանագետ Իսրայել Չերնիի գործունեության, Ռեյմոն Գևորգյանի` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության և Արգամ Այվազյանի «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի մասին է:
Սիրելի՛ արվեստագետներ և գիտնականներ,
Մենք ուրախ ենք ձեր հաջողությունների համար, մենք հպարտ ենք դրանցով: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նոր նվաճումներ: Նախ և առաջ ձեզնով է, որ մենք այսօր ապրող, զարգացող ժամանակակից ժողովուրդ ենք և ձեզնով ու ձեր գործերով օր օրի, կաթիլ-կաթիլ դառնալու ենք ավելի լավը»:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,
արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,
բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.
գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:
***
Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:
Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-...-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար: