11
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը օգոստոսի 11-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Քաջարի՛ ծովագնացներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուրախ եմ այս խորհրդանշական առիթով դիմելու բոլորիդ։ Խորհրդանշական, քանի որ ավելի քան երկու տարվա նավարկությունից հետո «Արմենիա» առագաստանավը հաջողությամբ ավարտեց իր երկարընթաց աշխարհաշուրջը Սփյուռքի ճանապարհներով: Խորհրդանշական նաև այն առումով, որ շուրջերկրյա ճանապարհորդության ավարտակետն ու հանգրվանը դարձավ եղբայրական Կիպրոսը: Ինձ մեծ բավականություն է պատճառում այն հանգամանքը, որ այս առիթը ևս մեկ անգամ վերահաստատեց հայ և կիպրացի ժողովուրդների բարեկամության խոր արմատները: Մենք բարեկամներ ենք և՛ ուրախության և՛ նեղության պահերին: Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք «Էվանգելոս Ֆլորակիս» ռազմածովային բազայում տեղի ունեցած պայթյունի բոթը, և այս պահին խնդրում եմ ինձ հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածների հիշատակին:

Այժմ խոսքս ուղղում եմ մեր թանկագին ծովագնացներին, որոնցից յուրաքանչյուրն օժտված է կամային բարձր հատկանիշներով և ազգային մեծ արժանապատվությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, հայրենասիրությամբ, նպատակասլացությամբ, խիզախությամբ: Դրա վառ արտահայտությունն էր ձեր շուրջ երկամյա սխրանքը, որի արդյունքում ձեր նավը պատվով կառանեցիք բարեկամ Կիպրոսի տարածքային ջրերում:

Ձեր սխրանքով դուք լավագույնս ամփոփեցիք հայ մարդու հավաքական կերպարը, որն անցել է երկար ու դժվարին ճանապարհ, սակայն չի ընկրկել դժվարությունների առջև, տոկացել է ու արժանիորեն վաստակել անկախ ու հպարտ ապրելու իրավունքը:

Ես ուշադրությամբ հետևել եմ մեր պատմության առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքին, ընթերցել եմ աշխարհի տարբեր անկյուններից մեզ հասած հաղորդագրությունները, կիսել եմ ձեր հույզերն ու ապրումները: Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս և տասնյակ ծովեր, այլև անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը և տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները:

Դեռևս նավարկության մեկնարկից առաջ ինձ ոգևորել է գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի այս մտահղացումը: Եվ խոսքը զուտ շուրջերկրյա նավարկության մասին չէ, այլ, առաջին հերթին, գիտարշավի, որը կրում է հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը: Սա նույնպես իր խորհուրդն ունի. հենց հայոց գիրն էր, որ Սփյուռքում պահպանեց մեր լեզուն, մեր եկեղեցին և մեր ազգային ավանդույթները` մեր ինքնությունը:

Մեծ խորհուրդ ունի նաև այն հանգամանքը, որ աշխարհաշուրջը նվիրվել է հայ մայրերին: Նավասենյակներում կախված նավաստիների մայրերի նկարները նրանց զորավիգ են եղել ճանապարհորդության դժվարին ժամերին` ճիշտ այնպես, ինչպես մեր բարդ ու խճճված պատմության ընթացքում հայ կինը զորավիգ է եղել իր օջախի հարատևությանը:

Պատկերացնում եմ` ինչ դժվարություններով եք անցել, որ կարողանաք ըստ ժամանակացույցի հասնել աշխարհի հինգ մայրցամաքներում տեղակայված մեր հայկական գաղթօջախներ, հանդիպեք մեր հայրենակիցներին և լուծեք ձեր առջև դրված` պատմամշակութային նյութերի հավաքման խնդիրը: Գնահատանքի է արժանի նաև այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում դուք լուսանկարել եք բազում հայկական եկեղեցիներ, հուշարձաններ, դպրոցներ, հին գերեզմանատներ:

Տեղյակ եմ, որ ձեր ճանապարհորդության ընթացքում ձեզ ուղեկցել են ոչ միայն մեր պետության խորհրդանիշները, այլև հայրենի հողով լի սափորը և մեր անմահ հերոսների անունները, ովքեր նահատակվեցին Արցախյան պատերազմում` հանուն արդարության և ազատության: Կասկածից վեր է, որ առանց անմահացած մեր հերոսների հնարավոր չէր լինի ո՛չ «Կիլիկիա» նավի համաեվրոպական ճամփորդությունը և ո՛չ էլ «Արմենիա» նավի աշխարհաշուրջ նավարկությունը: «Կիլիկիա» և «Արմենիա» առագաստանավերի նավարկությունը մեր ազգին վերադարձնում է դարեր առաջ մեր նախնիների նավագնացությունների մասին պատմական հիշողությունը, երբ լայնարձակ ծովային տարածությունները ակոսում էին հայկական նավերը: Հայաստանի Հանրապետությունը ծով չունեցող երկիր է, սակայն այսօր ևս ունենք բազմաթիվ զավակներ, ովքեր կարողանում են ծովերի, օվկիանոսների տարերքն իրենց կամքին ենթարկել:

Ցանկանում եմ անուն առ անուն հիշատակել մեր բոլոր քաջարի ծովագնացներին` Զորի Բալայան, Սամվել Կարապետյան, Արմեն Նազարյան, Հայկ Բադալյան, Սամվել Բաբասյան, Մուշեղ Բարսեղյան, Վահագն Մաթևոսյան, Սարգիս Կուզանյան, ինչպես նաև լուսահոգի Սամվել Սարգսյան: Շնորհակալություն բոլորիդ այս պատվավոր առաքելությունը հաղթական ավարտին հասցնելու համար: Թող ոգու արիությունը և տոկունությունը երբեք չլքի ձեզ, սիրելինե՛րս, եղե՛ք առողջ ու երջանիկ, և հետագայում ևս ձեր բոլոր նախաձեռնությունները թող լինեն նույնքան հայրենանվեր: Եվ թող Աստծո օրհնությունը մշտապես պահապան լինի ձեզ և ձեր արդար գործին: Հայրենիքը շատ բարձր է գնահատում ձեր սխրանքը:

Շնորհակալ եմ:

← Վերադառնալ