21
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Խաղերի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց վստահ եմ, որ այս սպորտային միջոցառումների ժամանակ պարտվողներ չեն եղել, որովհետև մենք բոլորս հավաքվել ենք քաղաքամայր Երևանում, որպեսզի, իհարկե, մրցենք, բայց նաև նոր ծանոթներ, նոր ընկերներ ձեռք բերենք: Ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր բնակավայրերում, մենք ունենք մեկ հզոր ընդհանրություն՝ մենք բոլորս հայ ենք»:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է այն փաստից, որ շատ մասնակիցներ ցանկություն են հայտնել, որպեսզի համահայկական հաջորդ խաղերն անցկացվեն ոչ թե չորս տարի հետո, այլ ավելի շուտ և ասել. «Բոլորիդ բարի ճանապարհ եմ մաղթում, ցանկանում եմ, որպեսզի ձեզ հետ տանեք հայրենիքի ջերմությունից մի պատառ և մինչև հաջորդ անգամ Հայաստան գալն այս օրերի հիշողությունները պահպանեք: Ու միշտ վստահ եղեք, որ ձեզնից յուրաքանչյուրը մեզ համար ցանկալի անձ է: Ցանկանում եմ նաև, որ դուք Հայաստան գաք ոչ միայն Համահայկական խաղերի առիթով, այլ ցանկացած հնարավորություն օգտագործեն դա անելու»:

Միջոցառման ընթացքում Հանրապետության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ հինգ տարբեր անվանակարգերում: «Լավագույն պատվիրակություն» մրցանակին արժանացել է Բուենոս Այրեսը (Արգենտինա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Ուրմիան (Իրան), «Մարզական ոգի և համբերություն դրսևորած պատվիրակություն» մրցանակին՝ Չալդիրին (ՌԴ), «Համահայկական 5-րդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Սասունի պատվիրակությունը և «Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Քրիստինե Նաջարյանը (Երուսաղեմ):

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև ներկա է գտնվել նաև Համահայկական 5-րդ խաղերի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:

Մինչ խաղերի փակման արարողությունը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Միկա» մարզադահլիճում ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի շրջանակում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ փուլի խաղին: Խաղի ավարտից հետո Հանրապետության ղեկավարը պարգևատրել է առաջին երեք տեղերը զբաղեցրած Լոս Անջելեսի, Սոչիի և Գլենդելի թիմերին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

Անցնող շաբաթվա ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամների, մարզական խմբերի ղեկավարների և խաղերի մասնակիցների հետ: Հանդիպումների ժամանակ Հանրապետության ղեկավարը խաղերի հովանավորներին, կազմակերպիչներին, ՀԽՀԿ անդամներին հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած մրցանակներն ու պարգևները:

← Վերադառնալ