26
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ուահիդ Գալալին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ուահիդ Գալալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ուահիդ Գալալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:

«Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, և մենք, իրավամբ, հպարտանում ու բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները Եգիպտոսի ժողովրդի հետ: Վստահ ենք, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը ևս իր ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման գործում, և մեր հարաբերությունները կլինեն հարատև»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը` կարևորելով արաբական աշխարհի և հատկապես այդ աշխարհում բարձր հեղինակություն ունեցող Եգիպտոսի հետ միջպետական հարաբերությունների և համագործակցության խորացումը:

Տեղեկանալով, որ դեսպան Ուահիդ Գալալը Հայաստանում իր առաքելությունն ավարտելուց հետո, գործունեությունը շարունակելու է հայրենիքում` որպես մշակութային հարցերով Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ, Նախագահը նրան մաղթել է հաջողություններ:

Դեսպան Ուահիդ Գալալը նշել է, որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը և նոր պաշտոնում ևս ջանք չի խնայի հայ-եգիպտական բարեկամական կապերի առավել սերտացման ու համագործակցության ընդլայնման համար:

← Վերադառնալ