26
08, 2011

Խորհրդակցություն` Հայաստանի բուհական և հետբուհական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ Հայաստանի բուհական և հետբուհական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի պետական բուհերի ռեկտորները:

Խորհրդակցության սկզբում նշելով, որ մեր պետության անկախության անցած քսան տարիների ընթացքում կրթության ոլորտում եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ, Հանրապետության ղեկավարն առաջարկել է նախ լսել ոլորտում իրականացվող բարեփոխումների, գերակայությունների և խնդիրների մասին Կրթության և գիտության նախարարի խոսքը, ապա մտքեր փոխանակել առաջիկա անելիքների շուրջ: Նախագահի խոսքով, կարևոր է աշխատանք իրականացնել մասնագետների որակի բարձրացման և հեղինակավոր կառույցների հետ բուհերի համագործակցության ձևավորման ու զարգացման ուղղությամբ, որի արդյունքում կփոխվի համակարգի և առհասարակ, կրթության ոլորտի վերաբերյալ հասարակական ընկալումը, ըստ որի` հանրապետության բուհերն այսօր չեն կարողանում որակյալ և շուկայում պահանջված մասնագետներ պատրաստել: Թեև, ըստ Հանրապետության ղեկավարի, այս հարցում կարելի է բանավիճել և ասել, որ այսօր կան փայլուն գիտելիքներ ստացող երիտասարդներ, ովքեր մեր երկրի ապագան են:

Նախարար Արմեն Աշոտյանի խոսքից հետո, ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է ոլորտում առկա այն ընդհանուր խնդիրները, որոնք վերաբերում են հանրապետության բոլոր բուհերին և պարբերաբար քննարկվում են խորհրդում: Ռեկտորները նաև առաջարկություններ են ներկայացրել բուհերի կառավարման որակի բարձրացման, ֆինանսավորման, ավագ դպրոցների հետ բուհերի համագործակցության զարգացման, շրջանավարտներին աշխատանքի տեղավորման, համատեղ ուժերով ուսանողական նոր հանրակացարանների կառուցման, լաբորատորիաների արդիականցման ու ոլորտի մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Հանրապետության նախագահը հանձնարարել է Կրթության և գիտության նախարարին՝ ամփոփել բարձրացված հարցերը և կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ