19
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վալերի Գերգիևին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին:

Նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում և սպասում են Վալերի Գերգիևին՝ համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը: «Հինգ տարի Դուք ղեկավարել եք Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կյանքի հինգ տարիները նվիրել եք մեր երաժշտությանը, մշակույթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում եք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնական օրերին»,-ասել է Նախագահը:

Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կյանքում խաղացել և այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարևոր դեր և անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տոնի մի մասնիկը լինել, շփվել հայ հանդիսատեսի հետ: Վալերի Գերգիևը նշել է, որ մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան:

← Վերադառնալ