28
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել և ողջունելի են համարել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների աճը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական մակարդակով շարունակել աջակցել և խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Կարևորվել է հատկապես էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից և ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը: Անդրադարձ է եղել ճանապարհաշինության բնագավառում, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանն ու ֆրանսիական ընկերությունների ներգրավմանը: Ըստ վարչապետ Ֆիյոնի, համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան նաև ճանապարհաշինության ու Հայաստանի երկաթգծերի ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Զրուցակիցները նշել են, որ այդ հարցերը հանգամանորեն քննարկելու առիթ կունենան նաև օրերս Վարշավայում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հարցերից բացի, Հայաստանի նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Վարչապետ Ֆիյոնը հույս է հայտնել, որ Նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա պետական այցը Հայաստան կնշանավորվի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության նոր ծրագրերով:

← Վերադառնալ