19
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը:

Նախագահը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը Հայաստան գնահատել է իբրև մեր երկրի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ և բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձևավորվել է դեռևս Հայաստանի անկախացումից ի վեր, և տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարևոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հավաստմամբ, այդ արդյունավետ համագործակցությունը բերում է նաև վստահության մեծացման և նպաստում մեր երկիր արտաքին ներդրումների հոսքին:

Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նախ շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` մեր երկրի համար 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարությունն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրանք կարևորել են հատկապես տեսչական բարեփոխումների, հարկային օրենսդրության բարեփոխման և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռևս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, և ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը:

Հանրապետության ղեկավարի հետ Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները:

← Վերադառնալ