19
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսին:

Ողջունելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները համարում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսության ապացույց:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և այդ հարաբերությունները դիտարկում է որպես մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների՝ տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման գրավական:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը նաև կարևորում է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ընդգծելով, որ իր առաջին արտաքին այցերից մեկը կատարում է Հայաստան՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ սա ապացուցում է, թե ԱՄՆ ղեկավարությունն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին և Հայաստանի հետ հարաբերություններին: Ուիլիամ Բըրնսը նշել է, որ կանի հնարավորը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային, տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ