25
10, 2011

Մոսկվայում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ

album picture
album picture
album picture
album picture

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ բարձր պաշտոնում գործունեության մեջ:

ՌԴ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումների ժամանակ կողմերը նշել են, որ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ բավականին արդյունավետ է ընթանում. ստորագրվել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնք նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար ոլորտներում բարձր մակարդակի սերտ հարաբերություններն ու համագործակցությունը միանգամայն համահունչ են հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն:

Նախագահ Սարգսյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ խորհրդարանի երկու պալատների միջև համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովին և նրա համանախագահներին, այդ թվում` հանդիպմանը ներկա Նիկոլայ Ռիժկովին, արդյունավետ գործունեության ու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրման համար:

Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին ևս` կարևորելով Հայաստանի մարզերի և ՌԴ վարչական սուբյեկտների միջև ընդլայնվող փոխգործակցությունը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ներուժը: Կարևորվել է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:



← Վերադառնալ