28
11, 2011

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Նախագահը ողջունել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի գլխավորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ջանքերը՝ ուղղված հասարակության մեջ բարոյականության և հոգևոր արժեքների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանի խոսքով, Կիրիլ Պատրիարքի կյանքն ու գործունեությունը հայրենիքին և Ռուս Ուղղափառ եկեղեցուն ծառայելու շատ լավ օրինակ են:

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդյաև) պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը պետական պարգևը հանձնել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին:

Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ իր համար մեծագույն հաճույք է այցելել քրիստոնեության հնագույն օրրան՝ Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հյուրընկալվում: Նա պատահական չի համարել այսօր մեկնարկած խաղաղասիրական հանդիպման անցկացումը Հայաստանում, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի համահիմնադիրներից մեկը, ով ակտիվ մասնակցություն է ցուցաբերում բանակցություններին, ինչպես նաև նկատի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի կյանքում:

Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանն աջակցության համար և մաղթել Աստծո օրհնությունը աշխատասեր հայ ժողովրդին, բարգավաճում՝ Հայաստանին և հաջողություններ Հանրապետության ղեկավարին՝ իր կարևոր և պատասխանատու աշխատանքում:

← Վերադառնալ