22
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այսօրվա խորհրդակցությամբ եզրափակվում է ընթացիկ տարում դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված հանդիպումների շարքը Հանրապետության ղեկավարի մոտ: Նախորդ քննարկումների ժամանակ խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նախաքննության որակին, դատախազական հսկողության արդյունավետությանը, ինչպես նաև դատարանների կողմից իրականացվող արդարադատությանը վերաբերող խնդիրներին:

«Բազմիցս և՛ ես, և՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրային վստահությունը երևակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել և եզրակացությունների գալ:

Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը:

Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաև իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երևույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը:

«Կան երևույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային: Այստեղ է, որ մենք մտածելու շատ բան ունենք և եկող ժամանակաշրջանում լրջորեն պետք է զբաղվենք դրանցով: Այս առումով, կցանկանայի նաև լսել, թե Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների քառամյա ծրագիրն ինչպիսի՞ գործուն միջոցներ է նախատեսում ապագայում նման երևույթները կանխելու կամ դրանք բացառելու համար»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կարևորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:

Խորհրդակցության արդյունքում Նախագահն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:

Հանրապետության ղեկավարն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարևորությունը:

← Վերադառնալ