23
01, 2012

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

album picture
album picture
album picture
Սոչիում Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:



***



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը
(23 հունվարի, 2012թ.)

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը:

← Վերադառնալ