13
02, 2012

Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել է իր մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին, հաստատվել է 2011-2013թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և ի դեմս նրա՝ ՀՀ զինված ուժերին ու ամբողջ հայ ժողովրդին՝ Աֆղանստանում հայ զինվորների բարձր մակարդակով ծառայության համար, որով, ըստ նրա, հայ ժողովուրդը միանգամայն կարող է հպարտանալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:



← Վերադառնալ