21
03, 2012

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին:

Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին, որը մեծ նվիրումով մինչև այժմ իրականացնում էր իր նախորդը՝ նվիրակ Կլաուդիո Գուջերոտտին:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնեական աշխարհի համախմբման գործում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, խաղաղության պահպանման հարցում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ընդգծելով, որ այդպիսով Սուրբ Աթոռն իր ներդրումն ունեցավ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ՀՀ սահմաններից դուրս հայկական հուշարձանների ու խաչքարերի պահպանման խնդրում Սուրբ Աթոռի դիրքորոշումն ու երախտագիտություն հայտնել այդ հարցում աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ բարձր մակարդակի վրա է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը:

Նախագահը հաճույքով է վերհիշել անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ իր ջերմ, հետաքրքիր և արդյունավետ հանդիպումը:

Հանրապետության ղեկավարը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը երկուստեք ընդգծել են, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ և ամուր հիմք են հանդիսանում:

← Վերադառնալ