31
05, 2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան կատարելիք այցը, որի շրջանակներում կքննարկվեն Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության ընթացքն ու հետագա ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել են նաև Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների մասին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հանդիպման պատեհ առիթով շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացված հաջող ընտրությունների կապակցությամբ և հաջողություն մաղթել նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքին:

Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի ու ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումների նկատմամբ և ցանկություն ունի իր հնարավորությունների շրջանակում նպաստել տարածաշրջանի երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը:

 

← Վերադառնալ