28
06, 2012

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ընթացող բանակցություններին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակություն ունեցող՝ Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին:

Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին և իր մտահոգությունները ներկայացրել հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: ԵԺԿ գագաթնաժողովի մասնակիցներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այս հարցում՝ վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը, ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ ղեկավարությանը և բոլոր անդամ կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հայաստանյան երկու այլ՝ ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցություններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ դա կխթանի Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ու մեծապես կնպաստի համագործակցության ծրագրերի իրագործմանը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է օրվա հիմնական քննարկման թեման՝ նշելով, որ եվրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի կամ հարևանների հետ ինտեգրացիոն գործընթացներին, այլև համաշխարհային տնտեսության համար:

← Վերադառնալ