Մամուլի հաղորդագրություններ
Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ են ստացվում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
***
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում և ավելի վաղ պետական պատասխանատու պաշտոններում աշխատելու տարիների ընթացքում Դուք ձեռք եք բերել հայրենակիցների խորը հարգանքն ու բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում: Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման հետևողական կողմնակից: Մեծապես Ձեր անձնական ջանքերի շնորհիվ են ձեռք բերվել էական հաջողություններ երկկողմ կառուցողական համագործակցության զարգացման գործում, իրականացվում են մասշտաբային համատեղ նախագծեր տարբեր ոլորտներում:
Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմակողմ գործընկերությունը հետագայում ևս արդյունավետորեն կզարգանա՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացման»: