25
07, 2012

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է «Լույս»-ի 2012-2013 ուսումնական տարվա կրթաթոշակառու ուսանողներին` աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և հիմնադրամի կրթաթոշակներին արժանանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և կյանքում՝ ընդգծելով, որ մեր երկրի հաջողությունն սկսվում է յուրաքանչյուր անհատի հաջողությունից:

Հանրապետության ղեկավարը կարևորել է աշխարհի լավագույն բուհեր ընդունված «Լույս»-ի ուսանողների և հիմնադրամի կրթական ծրագրի շնորհիվ արդեն այդ բուհերում ուսումնառությունն ավարտած երիտասարդների միջև կապի ամրապնդմանն ուղղված հիմնադրամի աշխատանքը: Նախագահն ընդգծել է, որ հավաքական ուժն ավելի ազդեցիկ է, քան առանձին վերցրած յուրաքանչյուրի ուժն ու հնարավորությունները:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև երիտասարդների ձգտումը՝ Հայաստանում ծրագրեր մշակելու և ստացած գիտելիքներն ու կարողությունները Հայրենիքում գործնականում կիրառելու: ««Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին արժանացած երիտասարդների հետ իմ հանդիպումներն ավանդական են դարձել և անկեղծորեն ասեմ՝ ոգևորիչ են: Այս հանդիպումներն ամեն անգամ ապացուցում են, որ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է հայ երիտասարդը՝ ամուր թելերով կապված է Հայրենիքի հետ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի նպատակը շատ պարզ է՝ համաշխարհային գիտության նվաճումներն ու ձեռքբերումները մեր ժողովրդի ներկայացուցիչների համար դարձնել մատչելի և դյուրահաս՝ դրանով իսկ այդ նվաճումները ծառայեցնել մեր ժողովրդին, այսինքն տեղայնացնել Հայաստանում, հայաշատ գաղութներում, այնուհետ նաև ներդրում ունենալ ընդհանուր քաղաքակրթության, գիտության զարգացման մեջ: «Հայկական պետականության ստեղծումից ի վեր մենք մշտապես բազմաթիվ երիտասարդներ ենք ուղարկել աշխարհի կրթական կենտրոններում սովորելու, և հազարամյակներ տևած այդ գործընթացը շատ լուրջ խթան է հանդիսացել մեր մշակույթի, գիտության, կրթության, ընդհանրապես քաղաքակրթության զարգացման գործում:

Ուրախ եմ, որ արդի պայմաններում գնալով ավելանում է մեր երիտասարդների թիվը աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում: Երբ մենք այս ծրագիրն սկսեցինք, մի քանի տասնյակ երիտասարդ էր սովորում աշխարհի լավագույն քսան բուհում: Փառք Աստծո, միայն այս տարի 126 երիտասարդ է ընդունվել աշխարհի տասը լավագույն բուհ, 74-ը շարունակում է ուսումնառությունն անցած տարվանից: Ընդհանուր 200 ուսանող ունենք, որոնցից 90-ը Հայաստանից է: Այսինքն, մենք արդեն ունենք լավ և լուրջ ներկայություն, որով կարող ենք հպարտանալ: Եվ ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք ու վստահեցնեք բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկություն, հնարավորություն ունեն աշխարհի լավագույն գիտական, կրթական կենտրոններում գիտելիք ստանալու՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն ընդլայնենք: Մենք նաև սրանում ենք տեսնում Հայաստանի ապագան»,-ասել է Նախագահը և ընդգծել, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը մշտապես հետևում է իր կրթաթոշակառուների հետագա ընթացքին ու պատրաստ է հնարավորին օժանդակել նրանց:

Հանդիպման ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները, քննարկել այլ ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ուսանողների հետ զրուցել է նաև նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:

 

← Վերադառնալ