08
08, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրավերի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, անցյալում և ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների բարի հարաբերությունները, որոնք Հայաստանի համար անսասան են: «Դա մեր ժողովուրդների պատմական ընտրությունն է: Մենք այն թանկ ենք գնահատում: Այդ իսկ պատճառով մենք հետևողական քաղաքականություն ենք վարում այդ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Սա մեր առաջին հանդիպումն է ՌԴ նախագահի ընտրություններից հետո: Եվ ես ուզում եմ ասել, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մենք դուրս ենք եկել բոլոր ոլորտներում պատկառելի պաշարով: Եվ դրանում մեծ է Ձեր ներդրումը:

Մենք հետևողականորեն վարում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականություն: Մենք կցանկանայինք զարգացնել մեր քաղաքական երկխոսությունը ամենաբարձր և այլ մակարդակներում:

Այդ իմաստով, այս ամիսը բեղմնավոր էր՝ պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի հինգ բարձրագույն ղեկավարներ: Չնայած հետճգնաժամային ժամանակաշրջանին՝ մեր առևտրաշրջանառությունն իրականում հասել է միլիարդի սահմանագծին, մինչդեռ ես համարում եմ, որ դա սահմանը չէ, և առաջիկա երկու-երեք տարիներին հնարավոր է կրկնապատկել, հնարավոր է նաև եռապատկել մեր առևտրաշրջանառությունը:

Այսօր լավ համագործակցություն կա հումանիտար ոլորտում: Դրան նպաստում է մի քանի ամիս առաջ ստորագրված հումանիտար մեծ պայմանագիրը:

Տեմպ է հավաքում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: 2010թ. մենք երկարացրեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք համարում ենք, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ելնում է մեր անվտանգության շահերից: Աշնանը Հայաստանում կընթանան ՀԱՊԿ զորավարժությունները: Ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ մեր հարաբերությունների խորացման միջոցով մենք կարող ենք նպաստել Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Վլադիմիր Պուտինը ևս գոհունակությամբ է խոսել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի մասին՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 32 տոկոսով աճել է: ՌԴ նախագահի խոսքով, Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում: Տնտեսության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, Նախագահ Պուտինի խոսքով, բավականին բազմազանեցված են: Նա նշել է նաև, որ բոլոր ուղղություններով՝ և´ նախագահական, և´ կառավարությունների, և´ խորհրդարանների, մշտական կապեր կան, և դրանք զարգանում են: ՌԴ նախագահը կարևորել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Առաջիկա աշնանը, Նախագահ Պուտինի հավաստմամբ, պլանավորված է հայ և ռուս գործընկերների հանդիպումը, և նրանց առջև խնդիր է դրված՝ մշակել տնտեսության ոլորտում մինչև 2020թ. հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ծրագիր, ստեղծել ճանապարհային քարտեզ:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
 

← Վերադառնալ