26
09, 2012

Նախագահն ընդունել է Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին:

Նախագահը ողջունել է կարդինալի այցը մեր երկիր՝ այն համարելով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման լավագույն վկայություններից մեկը: «Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ Հայաստանի համար Վատիկանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն և նշանակություն ունեն: Ես հաճույքով եմ վերհիշում անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին Սրբության հետ կայացած իմ հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացման օրակարգը: Երկկողմ պատմական կապերն ու առնչությունները, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, արժեհամակարգի ընդհանրությունները մեզ պարտավորեցնում են մեր հարաբերությունները մշտապես պահել բարձր մակարդակի վրա և հնարավորինս խորացնել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ շատ լավ հարաբերություններ են ձևավորվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև, ինչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով երկու եկեղեցիները կապող քրիստոնեական արժեհամակարգն ու գաղափարախոսությունը:

Նորին Սրբազնություն կարդինալ Կոխը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը՝ որպես հարուստ պատմություն, լուրջ քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկիր, պահպանում է այդ ավանդույթներն ու զարգանում: Նա նշել է, որ կաթոլիկ եկեղեցու առաքելությունն է խրախուսել խաղաղության պահպանումը, զարգացնել երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ժողովուրդների և կրոնների միջև, ինչն աշխարհում խաղաղության հաստատման առաջին նախապայմանն է:

Հանրապետության ղեկավարը մեծապես կարևորել է Վատիկանի դերը ոչ միայն աշխարհում խաղաղության պահպանման, մարդու իրավունքների և հանդուրժողականության հաստատման, այլ նաև քրիստոնեական աշխարհի համախմբման գործում:
 

← Վերադառնալ