15
01, 2013

Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիև):

Նախագահը շնորհավորել է տիկին Նինիեկ Կուն Նարյաթիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, ակտիվացնել փոխշփումները և տարբեր ոլորտներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, 2012թ. Հայաստանի արտգործնախարարի այցը Ինդոնեզիա, ինչպես նաև արդեն այս տարվա ընթացքում Ջակարտայում դեսպանություն բացելու մեր երկրի որոշումը դրա վառ ապացույցն են:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, կառավարությունների մակարդակով տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Հեռանկարային է համարվել հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցությունը, ինչին, կողմերի համոզմամբ, նպաստում է նաև անցյալ տարի Ջակարտայում ստորագրված «ՀՀ կառավարության և ԻՀ կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:
 

← Վերադառնալ