17
08, 2013

Նախագահը ներկա է գտնվել «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2013» հավաքի անցած օրերին տեղի ունեցած միջոցառումներին, ներկա գտնվել հավաքի շրջանակներում կազմակերպված սպորտային մի շարք մրցաձևերի եզրափակիչ փուլերին, զրուցել հավաքի մասնակիցների հետ, հետաքրքրվել այս օրերի ընթացքում նրանց ստացած տպավորություններով, ինչպես նաև պատասխանել երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի հետ զրույցում երիտասարդները նշել են, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը լավ հնարավորություն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար միմյանց հետ շփվելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու, ինչպես նաև նոր գաղափարներ ու ծրագրեր մշակելու և քննարկելու համար: Երիտասարդները Սերժ Սարգսյանին պատմել են նաև այս օրերի ընթացքում պետական, քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ավանդական դարձած հանդիպումների մասին, նշել, որ փորձել են «Բազե-2013»-ի շրջանակներում կազմակերպված բոլոր մրցաձևերում առավելագույնս դրսևորել իրենց գիտելիքներն ու կարողությունները:

ՀՀ Նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևոր և արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին վերաբերող հարցին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:
 

← Վերադառնալ