10
09, 2013

Նախագահը ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը: Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը Հանրապետության Նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ:

Համալսարանում այսօր շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված ներդրումներին, ծրագրի համաձայն ստեղծված պայմաններին, լաբորատորիաների հնարավորություններին ու ծրագրի հեռանկարին: Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ ստեղծելու ծրագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման միջոցով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ լաբորատորիաները կսպասարկեն ՀՊՃՀ վեց ֆակուլտետների 24 մասնագիտություններով սովորող ուսանողների (տարեկան շուրջ 2000 ուսանող), որոնց կտրամադրվի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն:

Ընդգծվել է, որ նախագծի գործընկերներ և համաֆինանսավորողներ՝ ՀՀ կառավարության, ՀՊՃՀ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ու ճարտարագիտական աշխարհում խոշորագույն «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ջանքերով ստեղծվելու է ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա` պետություն - մասնավոր հատված - միջազգային կազմակերպություններ համագործակցության արդյունքում: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, այս նախագիծը բեկումնային է տեխնիկական կրթության ոլորտում և վերջին տարիների ամենալայնածավալ ու խոշոր ներդրումն է բուհերի ենթակառուցվածքների և լաբորատոր բազայի բարելավման գործում:

 

← Վերադառնալ