13
05, 2014

Նախագահն ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին

 


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին, ով Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին մեր երկրում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ հնարավորություններով մեծ ու կարևոր գործ է արվում, որպեսզի համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն վարպետները ներկայանան հայ հանդիսատեսին: Նախագահի խոսքով, մյուս կողմից դա նաև լավ հնարավորություն է՝ հռչակավոր մարդկանց Հայաստանի հետ ծանոթացնելու, հաղորդակից դարձնելու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին, որի շնորհիվ նրանցից շատերը դառնում են հայ ժողովրդի բարեկամը: Նախագահը ողջունել և բարձր է գնահատել նաև Դանիել Բարենբոյմի՝ ականավոր իսրայելացի երաժշտի, ով միաժամանակ Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն, գործունեությունը մեկ այլ բնագավառում՝ նրա պայքարն աշխարհում խաղաղության և արդարության համար:

Դանիել Բարենբոյմը ևս մեծապես կարևորել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի աշխատանքը, շնորհակալություն հայտնել Նախագահին իր գործունեության նկատմամբ նման գնահատանքի խոսքերի համար: Անվանի երաժիշտն ընդգծել է, թե առաջին անգամ Հայաստան գալով` հատուկ զգացողություն ունի, քանի որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ հայերի է հանդիպել աշխարհով մեկ, սակայն նրանց հայրենիքում երբևէ չէր եղել և անկեղծորեն ուրախ է այս հնարավորության համար:
 

← Վերադառնալ