24
09, 2014

Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ


Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ:

 Հանրապետության Նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ գործընթացում երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Թորբյորն Յագլանդը կարևորել է գործընթացը և դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի և նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն էլ ավելի խորացնելուն:
 

← Վերադառնալ