01
06, 2015

Նախագահը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Հայաստան» կինոթատրոնի բացմանը, այցելել նաև Երևանի կենդանաբանական այգի

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի (կինոթատրոն, խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն) հնարավորություններին:

Ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար կենտրոնում գործում են նաև սննդի կետեր, սրճարաններ: Պատասխանատուների հավաստմամբ, նախատեսվում է, որ 2-3 ամսից կգործի կենտրոնի երաժշտական ժամանցի կենտրոնը: Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, հիմնովին նոր դիզայնով կառուցվել է այգու և շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են այգու շատրվանները:

Կենտրոնում կիրականացվեն նաև բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ:

Կինոթատրոնն այս տարի իր դռներն է բացելու նաև «Ոսկե ծիրան» միջազգա-յին կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2014-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչպիսիք չեն իրականացվել այգու հիմնադրման օրվանից։ Հանրապետության Նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև կենդանաբանական այգու նորակառույց ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժական կետում ստեղծված պայմաններին:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ այգու 34 հա տարածքից մինչև վերանորոգումը միայն 7 հա-ն էր կենդանաբնակ և օգտագործելի, ներկայումս գործածվող տարածքը հասել է 16 հա-ի։

Հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, որի արդյունքում լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Պատասխանատուների հավաստմամբ, լուսավորությունն ունենալու է նաև գեղարվեստական լուծումներ, իսկ այգու արտաքին տեսքը խաթարող օդային մալուխներն ամբողջապես իջեցվել են գետնի տակ։ Ասֆալտապատվել և վերանորոգվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7,000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ և թփեր, իրականացվել են ծաղկային ձևավորման աշխատանքներ։ Յուրօրինակ տեղանքային լուծումներով կառուցվել են արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել և թարմացվել են այգու խաղահրապարակները։ Կառուցվել է նոր խաղահրապարակ, որում առաջին անգամ տեղադրվել են ներառական նշանակության մանկական խաղահրապարակներ (ընդհանուրի 1/3 մասը)։ Այգում զբոսանքն ավելի հարմարավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով ձեռք են բերվել և շահագործվելու են էլեկտրամեքենաներ։ Վերակառուցվել է այգու անցակետը, որն ապահովված է էլեկտրոնային հսկիչ և գրանցող սարքավորումներով։

 

← Վերադառնալ