06
04, 2016

Նախագահը հանդիպում է ունեցել Բրանդենբուրգի երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեի հետ



Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 6-ի երեկոյան Բեռլինից մեկնել է Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:

Բրանդենբուրգի կառավարությունում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել այդ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեի հետ:

Նշելով, որ Բրանդենբուրգն ամենաարագ զարգացող երկրամասն է Գերմանիայում, Սերժ Սարգսյանը դրանում կարևորել է երկրամասի քաղաքային իշխանությունների ներդրումը: «Լիահույս եմ, որ մեր երկխոսությունը շարունակական կլինի, և Ձեր արժեքավոր փորձն ու գիտելիքները կծառայեցնեք նաև Հայաստանի և Բրանդենբուրգի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ապակենտրոնացված կապերի ընդլայնմանը»,-վարչապետ Վոյդկեի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական ոլորտում փոխգործակցությունը, գործարար համայնքի ներկայացուցիչների միջև շփումների խրախուսումը, այդ համատեքստում` գերմանական ներդրումների ներգրավումը հայաստանյան շուկա: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներին: Վարչապետ Վոյդկեն կարևորել և ողջունել է բարեփոխումները, որոնք, նրա խոսքով, միտված են ապագային և զարգացման ամենահուսալի ճանապարհն են:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի և Բրանդենբուրգի երկրամասի վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բրանդենբուրգ երկրամասի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:

ՀՀ Նախագահն այցելել է նաև Յոհաննես Լեփսիուսի տուն-հետազոտական կենտրոն: Սերժ Սարգսյանը կենտրոնի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի ուղեկցությամբ շրջայց է կատարել հետազոտական հաստատությունում, եղել է Լեփսիուսի առանձնասենյակում, որտեղ նրան ցուցադրել են գաղտնի արխիվներում պահվող Լեփսիուսի ձեռագիր փաստաթղթերը:

Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահը գրառում է կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի գրքում. «Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ և պարզապես որպես հայ՝ խոր երախտիքով եմ գրում այս տողերը: Միայն մեծ մարդասերն ու արդարության անմնացորդ նվիրյալը այդքան հաղորդակից կարող էր լինել մեկ այլ ժողովրդի ցավին։ Յոհաննես Լեփսիսուսի գրչի շնորհիվ է նաև, որ այսօր՝ շուրջ մեկ դար հետո ճշմարտությունը կենդանի է, իսկ ժամանակն անզոր՝ սքողելու մարդկության սև էջերը։ Հայաստանն այսօր կանգուն է՝ հայ ժողովրդով, ինչպես դա ինքն էր փափագում»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին Գերմանիայում նաև հարցազրույց է տվել ԳԴՀ հանրային ARD հեռուստաընկերությանը:

← Վերադառնալ