22
02, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան:

Հանրապետության Նախագահը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:

Կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը` հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաև ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման և աջակցության գործը:

Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։  

← Վերադառնալ