30
01, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գանայի դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):

 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել  և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ նա իր դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:

Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի Հանրապետության հետ հարաբերությունների ակտիվացմանը:

Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության հնարավորությունների, փոխճանաչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Որպես հեռանկարային ուղղություններ նշվել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որտեղ երկու երկրներն ունեն փոխգործակցության զարգացման մեծ ներուժը:

 

 

← Վերադառնալ