27
03, 2019

Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել կիսվել այս ոլորտում իր երկար տարիների և փորձառությամբ, և կապերով:

Նախագահն ասել է, որ նմանատիպ, ինչպես ընդունված է կոչել միջազգային հարթակներում, թինք-թանք կենտրոններն իրենց մեջ ներառում են բազմաթիվ որակներ, վերլուծական, խորհրդատվական, հանրային կարծիք ձևավորելու, գիտահետազոտական, կրթական աշխատանք և այլն:

«Թինք-թանքերը պատմական շատ հին արմատներ ունեն,-ասել է նախագահ Սարգսյանը:- Նրանք նաև իրենց ադմինիստրատիվ կառույցերով կարող են լինել շատ տարբեր: Դրանք կարող են կապված լինել կառավարության, պետության, կուսակցությունների հետ, ունենալ պետական աջակցություն, կարող են լինել անկախ, կարող են կապված լինել զանազան համալսարանների, գիտական կենտրոնների, անկախ կենտրոնների հետ և այլն:

Սա նոր երևույթ չէ, քանի որ խորհրդատվությունը պատմականորեն եղել է միշտ՝ սկսած փարավոններից, Տիգրան Մեծից, սակայն լավագույն օրինակներից մեկն անտիկ աշխարհում, իհարկե, հունական թինք-թանքերն են: Խոսքը փիլիսոփայական դպրոցների մասին է: Այդ դպրոցներն ունեին հսկայական ազդեցություն և՛ Աթենքի, և՛ հին հունական քաղաքների հանրության վրա: Ոչ միայն ազդեցություն ունեին, այլև հիմնարար էին, ձևավորում էին այն փիլիսոփայությունը, այն մտածելակերպն ու մշակույթը, որ հիմք էին դառնում հին Հունաստանի պետության համար:

Երբ խոսում ենք առաջին թինք-թանքի ղեկավարների մասին, իմ կարծիքով, այդ անունների շարքը հսկայական է, գուցե սկսենք նույն Արիստոտելից, Պլատոնից և մյուսներից: Չմոռանանք, որ նույնիսկ Ալեքսանդր Մեծը նմանատիպ թինք-թանքի փիլիսոփայական դպրոց է անցել:

21-րդ դարում ունենք թինք-թանքերի հսկայական սպեկտր, հսկայական քանակ: ԱՄՆ-ում դրանց թիվը 2000-ից ավել է, տարբեր ոլորտների: Հնդկաստանը և Չինաստանն ունեն մոտ 500, նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և այլն՝ սկսած պետական թինք-թանքերից, վերջացրած համալսարանների, անկախ կենտրոնների, ոչ պետական կառույցների հետ կապվածներից:

Մի բան հստակ է՝ բոլոր այսպիսի կառույցները հաջող և ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Հունականը դրա շատ պարզ օրինակ է:

Երկրորդը և երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են: Անկախ նրանից, թե ով է հիմնադիրը, թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը»:

Անդրադառնալով «Օրբելի» կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է:

«Օրբելի» կենտրոնի համար լավագույն հաջողությունը կլինի, եթե նա ոչ միայն անկախ լինի՝ ծնվելով պետության կողմից, այլև, միաժամանակ, նմանատիպ անկախ ուրիշ կենտրոնների կատալիզատորը դառնա և Հայաստանում ստեղծի այդ մշակույթը՝ միջազգային մակարդակով, ինչի անհրաժեշտությունը կա,-ասել է նախագահը:- Ես շատ պարզ օրինակ բերեմ. միջազգային քաղաքականության մեջ, բացի միջպետական հարաբերություններից, կա նաև, այսպես կոչված, պետությունից դեպի թինք-թանք հասկացությունը: Դա կարող է անկյունագծով լինել, այսինքն՝ տվյալ պետությունն աշխատում է ոչ միայն պետական մարմնի, այլև պետության ոլորտում աշխատող թինք-թանքերի հետ, և հորիզոնական, այսինքն՝ մի երկրի թինք-թանքը մյուսի հետ: Դրա փայլուն օրինակներից մեկը նույն այսօրվա Հայաստանում է»:

Բարձր գնահատելով կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը և հաջողություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարությանը և վերլուծաբաններին հրավիրել է մասնակցել հունիսի սկզբին Հայաստանում՝ Դիլիջանում տեղի ունենալիք միջազգային մեծ ճանաչում ունեցող Շամոնիի «Մտքերի գագաթնաժողով»-ի հայկական տարբերակին, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի հովանու ներքո:  

← Վերադառնալ