06
11, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին:

ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։ Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կարևորելով հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:

 

 

← Վերադառնալ