11
12, 2019

ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես է հնարավոր ուժերը միավորելով լավ արդյունքների հասնել. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահ Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ արդյունքների,-նշել է նախագահը: -Ինչպես իր գործունեությամբ ապացուցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, եթե կա կամք, եթե կա սեր, եթե կա կենտրոնացվածություն կոնկերտ խնդրի ուղղությամբ, հնարավոր է շատ բանի հասնել»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախագահին և նախագահի տիկին Նունե Սարգսյանին աջակցության համար՝ համաձայնելով, որ երեխաներն առողջ մեծանալու համար առաջին հերթին սիրո ու հոգատարության կարիք ունեն: «Մեր աշխատանքն ուղղված է դրան: Մենք կարևորում ենք երեխաների կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, առողջությունը և փորձում ենք հնարավորինս աջակցել թե՛ կառավարությանը, թե՛ ծնողներին՝ երեխաների համար անհրաժեշտ խնամք ու հավասար պայմաններ ապահովելու համար»,-նշել է նա:

Նա ընդգծել է, որ Հայաստանում 25-ամյա գործունեության ընթացքում լավ արդյունքներ են արձանագրել, բայց կարևորել է նաև ներկայի և ապագայի համար արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Նախագահ Սարգսյանն իր և նախագահական ինստիտուտի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ իր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում:

 

← Վերադառնալ